Նոյեմբերի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում տերյանական պոեզիայի օր էր՝ աշնան վերջին օրը։ Դահլիճը ձևավորված էր աշնան մարմրող, բայց գունեղ երանգներով, աշնան վերջին օրվա ներշնչանքով ու կախարդանքով: 7-րդ «Գ» դասարանի աշակերտները հայոց մեծ բանաստեղծներից մեկի՝ Վահան Տերյանի հոգու հույզերը, ստեղծագործական աշխարհը ներկայացրին իրենց շուրթերով և հանդիսատեսին մատուցեցին գեղեցիկ զգացմունքներ, ստեղծեցին մի յուրահատուկ մթնոլորտ։ Աշնանային բանաստեղծություններն ու պատկերները, որոնք Տերյանը ստեղծել է՝ նորից վերածնվեցին հանդիսատեսի հոգում և նրանք խորապես զգացին Վահան Տերյանի ներկայությունը, սերը, թախիծը, որոնք Տերյանն արարել է իր մեջ։ Դահլիճը լցված էր աշնանային գունագեղությամբ, տիրում էր տերյանական աշնանային յուրահատուկ տրամադրություն։ Տերյանական աշունը զուտ աշուն չէ, եղանակ, որ հատուկ է տարվան իր նրբություններով, գույներով ու փայլով, այլ աշուն՝ կյանքի, սիրո, ապրումների` զուգորդված բազմերանգ գույներով: Աշունը առանց Տերյանի կներկայացնի միայն գեղեցիկ պատկերներ, բայց նրա հետ՝ այն դառնում է ամբողջական ստեղծագործություն, որտեղ բնությունն ու մարդը սերտորեն կապված են: Ահա թե ինչու, երբ մտածում ենք աշնան մասին, առաջին հերթին հիշում ենք Վահան Տերյանին, նրա անկրկնելի բառերն ու խորաթափանց մտքերը, որոնք տալիս են մեզ այնպիսի խորիմաստություն, որ աշունը չի կարող լինել առանց նրա։ Վահան Տերյանը կարողանում է իր աշնանային պատկերներով արտահայտել մարդկային ապրումները, կիսել հոգու խորը զգացմունքները և անմահացնել այն վայրկյանները, երբ աշունը դառնում է կյանքի խորհրդանիշ։ Նրա ստեղծագործությունները մեզ հրավիրում են մտածել, զգալ և ընկալել ինչպես բնության, այնպես էլ մարդկային հոգու անհավանական գեղեցկությունը: Տերյանական ոսկեշղթա նվագները հնչեցին ողջ միջոցառման ընթացքում՝ ապահովելով բանաստեղծի «կենդանի» ներկայությունը, ունկնդիրներին գերելով պոետական խոսքի անխառն գեղեցկությամբ։ Միջոցառումն ավարտվեց Տերյանի աշնանային պոեզիայի հմայքով ու հավերժական թարմությամբ։ Միջոցառումը կազմակերպել էր տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, երաժշտական մասի կազմակերպչական աշխատանքները՝ «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը և Աշակերտական խորհրդի նախագահ Կատրին Կարապետյանը։
| |
| |
Դիտումներ: 200 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |