Մարտի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտները՝ «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի պետական համալսարան: Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արտուր Խոջաբաղյանն աշակերտներին ծանոթացրեց եռաչափ տպիչի հնարավորություններին, գործառույթներին, առանձնահատկություններին: Նա բացատրեց մոդելավորման և տպագրության գործընթացը՝ մեկնաբանելով դրա կիրառական նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաներում: Աշակերտներն իրենց նախագծի թեմայի շրջանակում նշեցին համաչափության տարբեր օրինակներ: Մոդելավորելու համար ընտրեցին ձյան փաթիլի մոդելը, որն էլ եռաչափ տպիչի օգնությամբ տպեցին։ Եռաչափ տպիչի աշխատանքին ծանոթանալուց հետո «Thingiverse» հարթակի միջոցով ուսումնասիրեցին մոդելավորված և փորձարկված պատրաստի մոդելներ: Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Անուշիկ Սահակյանը, որը մարտին մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն»-ի կողմից իրականացված մեկշաբաթյա մենթորների պատրաստման դասընթացներին, աշակերտների համար կազմակերպեց հետաքրքիր խաղ-վարժանքներ, հարցաթերթի միջոցով իրականացրեց մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքներ: Հարցաթերթի օգնությամբ պարզեցին աշակերտների ուժեղ կողմերը և հիմնվելով աշակերտների վեր հանած ուժեղ կողմերի վրա՝ մասնագետը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում են յուրաքանչյուր աշակերտի։ Սիրուշ Բաղդասարյանն ու աշակերտներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը ոչ միայն արդյունավետ են, այլև նպաստում են տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական համալսարանին՝ հյուրընկալության համար:
| |
| |
Դիտումներ: 163 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |