Մայիսի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Գորիսի մամուլի ակումբ։ Այցի հիմնական նպատակն աշակերտներին տեղում ծանոթացնելն էր կազմակերպության գործունեությանը և մեդիադաշտում աշխատելու հնարավորություններին։ Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը, ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանը և ծրագրերի համակարգող ու գնումների մասնագետ Աննա Սահակյանն աշակերտների հետ կիսվեցին կազմակերպության ստեղծման պատմությամբ, գործունեության հիմնական ուղղություններով և ընթացիկ ծրագրերով։ Նրանք առանձնահատուկ ուշադրություն դարձրին երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ ակումբն ակտիվորեն ներգրավում է երիտասարդներին տարբեր նախաձեռնություններում։ Այցի ընթացքում մամուլի ակումբի աշխատակիցները ներկայացրին իրենց անձնական փորձը, հաջողության պատմությունները և մասնագիտական ուղին՝ ընդգծելով կամավորության դերը իրենց զարգացման մեջ։ Նրանք պատմեցին, թե ինչպես են հենց կամավորական գործունեության միջոցով առաջին անգամ ներգրավվել ակումբի աշխատանքներին, ինչը հետագայում վերածվել է կայուն մասնագիտական ուղու։ Աշակերտները նույնպես ակտիվորեն մասնակցեցին զրույցին, պատմեցին իրենց նախընտրած մասնագիտությունների, հետաքրքրությունների և ապագա նպատակների մասին՝ հնարավորություն ստանալով պատկերացում կազմել մեդիա ոլորտի հնարավորությունների մասին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալությունն է հայտնում Գորիսի մամուլի ակումբին՝ համագործակցության, ջերմ ընդունելության և աշակերտներին ոգեշնչող հանդիպման համար։
| |
| |
Դիտումներ: 149 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |