Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկեց ուսումնական բացերի հաղթահարման և բարեկեցության խթանման ծրագիրը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներգրավվել է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում․ երեխայի զարգացման ամբողջական մոտեցում դիմակայության և ակադեմիական հաջողության համար» ծրագրին։ Այն իրականացվում է «Դասավանդի՛ր Հայաստանի» և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Սեպտեմբերի 8-ին դպրոցի դասվարները, ինչպես նաև տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը մասնակցեցին ծրագրի ճանաչողական հանդիպմանը։ Միջոցառման ընթացքում Մարիամ Մարիկյանը, Աշոտ Գաբրիելյանն ու Աստղիկ Բալայանը ներկայացրին արդեն իրականացված քայլերը և առաջիկա գործողությունները։

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, «Դասավանդի՛ր Հայաստանին» և UNICEF-ի հայաստանյան գրասենյակին՝ Սյունիքի մարզում այս կարևոր ծրագիրն իրականացնելու համար հենց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընտրելու համար։ Նա ընդգծեց, որ սա մեծ վստահություն է դպրոցի ու մանկավարժական կազմի նկատմամբ և մեծ հնարավորություն՝ սովորողների զարգացմանն աջակցելու համար։

Սերգեյ Ավանեսյանի համոզմամբ՝ ծրագիրը դպրոցում կանցկացվի պատշաճ մակարդակով, և այն կբերի տեսանելի ու կայուն արդյունքների․ սովորողները կհաղթահարեն ուսումնական բացերը, իսկ նրանց հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը կստանա նոր որակ։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների հոգևոր-հոգեբանական բարեկեցությանն ու ուսումնական առաջընթացին՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի զարգացման լիարժեք պայմանները։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի դասվարները հնարավորություն կունենան անհատական ու խմբային լրացուցիչ աշխատանք իրականացնել այն աշակերտների հետ, ովքեր դժվարություններ ունեն ուսման մեջ՝ օգնելով նրանց հասնել չափորոշչային պահանջներին և զարգանալ սեփական կարողությունների ամբողջ ներուժով։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.09.2025)
Դիտումներ: 133 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar