Վահրամ Դումանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Եզրագիծն է հատում խոչընդոտներով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու նվաճումներով լի ևս մեկ տարի: Վերջին շրջանում մեզ պատուհասած փորձությունները մեզ մղում են՝ առավել քան երբևէ վերանայելու մեր արժեքները, տարբերակելու առաջնայինն ու անկարևորը, գնահատելու մեր աշխատանքի արդյունքներն ու բացթողումները: Մեր պետության հիմքերն ամուր են նաև կայուն կրթական համակարգով, զարգացած գիտությամբ, պահպանված ու պաշտպանված մշակութային կոթողներով, մեր մարզիկների հաղթանակներով:

Մենք ոլորտային բարեփոխումների փուլում ենք, և 2022 թվականը նոր շրջափուլերի, նոր իրողությունների տարի է լինելու: Բոլորս միասին քայլ առ քայլ պետք է հաղթահարենք մարտահրավերները՝ ի նպաստ մեր պետության զարգացման ու հզորացման:

Սիրելի՛ մանկավարժներ՝ ուսուցիչներ, դասախոսներ, մենք թևակոխել ենք բարեփոխումների մի փուլ, որտեղ յուրաքանչյուրից պահանջվում է առավել մեծ եռանդ ու նվիրում: Հավատացե՛ք, մեր համատեղ ջանքերը վարձահատույց են լինելու ապագայով, որ կերտելու են ձեր կրթած սերունդները: Առանձնապես ցանկանում եմ շեշտել կրթական համակարգի շահառուների՝ աշակերտների և ուսանողների կամային որակները, որոնք մանկավարժական համայնքի հետ հաղթահարում են առկա դժվարությունները՝ կապված մասնավորապես առկա համաճարակի հետ:

Անցնող տարում ՀՀ կառավարությունն աննախադեպ քայլեր է ձեռնարկել գիտության ոլորտում: Քայլեր, որոնք միտված են գիտության ասպարեզը երիտասարդներով համալրելուն, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետների թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ ու նպատակային վերարտադրության ապահովմանը, արդիական սարքավորումների ձեռքբերմանը, նոր լաբորատորիաների ստեղծմանը: Վստահ եմ, որ գիտության մշակների ջանքերով այդ քայլերն առաջիկայում նոր բացահայտումների ու գյուտերի հիմք կդառնան:

Հա՛յ և համաշխարհային մշակույթը հանրայնացնող արվեստի ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, պատերազմ և համաճարակ տեսած ժողովորդը, առավել քան երբևէ, կարիք ունի ձեր մշակութաստեղծ և ազգապահպան աշխատանքի, որը սպեղանի է մեր ժողովրդի համար: Թո՛ղ գալիք տարին պսակվի մշակութահեն հոգևոր խաղաղությամբ՝ ձեր իսկ գործունեության արգասիքներով:

Մեր ջանասեր մարզիկներն և մարզիչները անցնող տարում մեզ հպարտության ու ոգևորվածության բազում առիթներ պարգևեցին: Համոզված եմ՝ մարզաշխարհի մեր ներկայացուցիչները 2022 թվականին էլ հայոց եռագույնը հատկապես միջազգային մրցահարթակներում հպարտորեն ծածանելու և մեզ վսեմ զգացողություններով համակելու հնարավորություններ կընձեռեն:

Սիրելի՛ ժողովուրդ, 2022 թ.-ը դիմավորենք վառ հույսերով, աննկուն հավատով, հանուն մեր պետության հզորացման՝ աշխատենք և արարենք սիրո մթնոլորտում: Առո՛ղջ եղեք, խաղաղություն բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2021)
Դիտումներ: 527 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar