|
Նոյեմբերի 10–19-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ, ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Թվային քաղաքացիական կրթություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարել է մենթոր Երանուհի Մարտիրոսյանը, կազմակերպչական աշխատանքները համակարգել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Վերապատրաստմանը մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 80 ուսուցիչներ։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են թվային միջավայրում արդյունավետ և պատասխանատու քաղաքացիական վարքագծի ձևավորման վերաբերյալ ժամանակակից մոտեցումներ, ինչպես նաև իրականացվել են գործնական իրավիճակային քննարկումներ։ Վերջիններս հնարավորություն են տվել մասնակիցներին խորությամբ ուսումնասիրել թեման, կապել այն դասավանդման իրենց փորձի հետ և մշակել գործնական լուծումներ։ Ուսուցման արդյունավետությունը գնահատելու նպատակով վերապատրաստման մեկնարկին և ավարտին անցկացվել են նախաթեստ և վերջնաթեստ։ Թեստավորումը կատարվել է ինքնաշխատ եղանակով, ինչը թույլ է տվել արագ ամփոփել արդյունքները, արձանագրել մասնակիցների առաջընթացը և գնահատել ուսումնառության արդյունավետությունը։ Ուսուցիչները նշել են, որ նոր ստացած գիտելիքները և գործնական հմտությունները նախատեսում են կիրառել իրենց դասաժամերին՝ նպաստելով ուսուցման որակի բարձրացմանը։ Վերապատրաստումը միաժամանակ դարձել է փորձի փոխանակման հարթակ․ համագործակցային միջավայրը, մասնակիցների ակտիվությունն ու քննարկումները հնարավորություն են տվել յուրաքանչուր ուսուցչի արտահայտել կարծիք, ստանալ խորհրդատվություն և օգտվել գործընկերների փորձից։ Մենթորական ծրագրի նպատակները մեկնաբանվել են լիարժեքորեն իրագործված․ ուսուցիչները ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ և գործիքներ, որոնք համապատասխանում են ծրագրի ակնկալվող արդյունքներին և կարևոր դեր կունենան նրանց մասնագիտական զարգացման գործընթացում։
| |
|
| |
| Դիտումներ: 28 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




