|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մարտ ամսից մեկնարկել է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջությունը, հոգեսոցիալական բարեկեցությունը Հայաստանի դպրոցներում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների հոգեկան առողջության պահպանմանն ու հոգեսոցիալական բարեկեցության բարելավմանը՝ դպրոցական միջավայրում ստեղծելով աջակցող, անվտանգ և ներառական կրթական մթնոլորտ։ Ծրագրի շրջանակում մենթորները «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչներին ներկայացնում են ժամանակակից մեթոդներ ու գործնական վարժանքներ, որոնք ինտեգրվում են դասապրոցեսի ընթացքում։ Այս մոտեցումները նպաստում են աշակերտների ինքնարտահայտմանը, հուզական կայունության ձևավորմանը և փոխհարաբերությունների բարելավմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ստեղծագործական մտածողության զարգացմանը և ստեղծագործական առաջադրանքների կիրառմանը։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ծնողների ներգրավվածությունը։ Այս նպատակով կազմակերպվել են առանձին հանդիպումներ և ծնողավարության դասընթացներ, որոնց ընթացքում ծնողներին ներկայացվել են երեխաների հոգեկան առողջությանը վերաբերող կարևոր հարցեր։ Ծնողներին հնարավորություն է տրվել ավելի ակտիվ մասնակցել դպրոցական կյանքին և դառնալ կրթական գործընթացի լիարժեք մասնակիցներ։ Ծրագրի իրականացումը միտված է դպրոցում համապարփակ մոտեցմամբ ձևավորելու առողջ, հոգեպես ապահով և համագործակցային կրթական միջավայր։
| |
|
| |
| Դիտումներ: 207 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


















.


