Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային և բիզնես կենտրոնը Հայաստանում մեկնարկել է ռուսաց լեզվի հերթական անվճար դասընթացը։ Այս տարի ծրագրին միացել է նաև Գորիսը: Դասընթացը Գորիսում կվարի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը: Փետրվարի 1-ին Գորիս քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մեկնարկի միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային և բիզնես կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, Գորիսի համայնքի ավագանու «Առուշ Առուշանյան» խմբակցության ղեկավար Մենուա Հովսեփյանը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային հսկողության և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր:
Վահրամ Կարապետյանն իր խոսքում նշեց, որ ուրախ է Գորիսում ռուսաց լեզվի անվճար դասընթացների մեկնարկի կապակցությամբ, որն իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում և հույս հայտնեց, որ Գորիսի համայնքապետարանի հետ մշակութային, կրթական համագործակցությունը շարունակական կլինի: «Նշեմ նաև, որ փետրվարի 1-ից Հայաստանի 20-ից ավելի քաղաքներում անցկացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, որոնցում սովորելու է ավելի քան 500 երեխա, իսկ ընդհանուր առմամբ ստացվել է մոտ 850 հայտ, որով արձանագրվում է, որ ռուսաց լեզվի դասընթացները մեծ պահանջարկ ունեն, երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել: Մենք նաև դասընթացների վերաբերյալ բազմաթիվ հարցումներ ենք ստանում այն մարզերից, որտեղ դրանք ներկայումս չեն իրականացվում»,-իր խոսքում նշեց Վահրամ Կարապետյանը: Ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման շրջանակում Վահրամ Կարապետյանը Երևանի «Մոսկվայի տնից» գեղարվեստական գրականություն նվիրեց Գորիս քաղաքի կենտրոնական գրադարանին։ Աղբյուրը: http://Goris Today | |
| |
Դիտումներ: 484 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |