Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

10. Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.
4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.
9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.
10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.
11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.
15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.
16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.
17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.
18) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.
19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.
20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.
21) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.
22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.
23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.
24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.
25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.
30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.
36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.
40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.
43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.
44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
46) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.
48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.
49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.
50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.
51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

Հիմք՝ Հանրակրթության պետական չափորոշիչ:

Կրթության վերաբերյալ այլ օրենքներ, կարգեր, հրամաններ կարող եք գտնել կայքի «Օրենքներ, կարգեր» բաժնում:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.02.2022)
Դիտումներ: 659 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar