Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

V. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

11. Հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
2) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.
3) համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
4) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
5) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.
6) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.
7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.
9) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ.
10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր
վտանգները բնության և մարդու համար.
11) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
12) կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
13) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
15) ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.
16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
19) ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ.
20) թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար.
21) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.
22) վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.
23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.
25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
26) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.
27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.
29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.
31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.
33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.
37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.
42) տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.
43) վարի առողջ և անվտանգ ապրելակերպ.
44) բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով.
45) տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության.
46) ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։

Հիմք՝ Հանրակրթության պետական չափորոշիչ:

Կրթության վերաբերյալ այլ օրենքներ, կարգեր, հրամաններ կարող եք գտնել կայքի «Օրենքներ, կարգեր» բաժնում:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.02.2022)
Դիտումներ: 339 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar