Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոսների նկարներով ցուցատախտակ

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյան հարևանությամբ տեղադրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների նկարներով ցուցատախտակ։

Հայաստանն ունի 27 Ազգային հերոս։

Հայաստանի առաջին ազգային հերոսն Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա․-ն է։ Նրան Ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1994 թվականի հունիսի 24-ին։ Նույն 1994 թվականին Ազգային հերոսի կոչում շնորհվել է Վիկտոր Համբարձումյանին ու Ալեք Մանուկյանին։

Երկու տարի անց՝ 1996 թվականին, Ազգային հերոսի կոչում է շնորհվել Արցախյան ազատամարտի հերոսներից Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Վիտյա Այվազյանին, Մովսես Գորգիսյանին, Թաթուլ Կրպեյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Յուրա Պողոսյանին։

1999 թվականի դեկտեմբերի 27-ին՝ դաժան ողբերգությունից 2 ամիս անց, Ազգային հերոսի կոչում շնորհվեց նաև Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին։

2004 թվականի մայիսի 24-ին Ազգային հերոսի կոչում շնորհվեց Շառլ Ազնավուրին ու Քըրք Քըրքորյանին։

2008 թվականին այդ պատվին արժանացավ Նիկոլայ Ռիժկովն, իսկ մեկ տարի անց՝ Էդուարդո Էռնեկյանը։

Մոտ 10 տարի անց՝ 2017 թվականին, Ազգային հերոսի կոչում շնորհվեց Հովհաննես Չեքիջյանին։

2020 թվականին Ազգային հերոս դարձավ նաև զինծառայող Ռուբեն Սանամյանը, ապա՝ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթքացքում ու դրանից հետո Ազգային հերոսի կոչում շնորհվեց Վահագն Ասատրյանին, Տիրան Խաչատրյանին, Անդրանիկ Փիլոյանին, Գարեգին Պողոսյանին, Թաթուլ Ղազարյանին, Հրաչյա Անդրեասյանին, Գուրգեն Դալիբալթայանին, Արկադի Տեր-Թադևոսյանին։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.02.2022)
Դիտումներ: 362 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar