ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է «Կրթության մասին» օրենքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով: Ըստ պատգամավորի՝ գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին, մինչդեռ նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ նրանից՝ սովորում են պետական, թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար: Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը փաստել է, որ խոսքն իրավամբ երեխաների կրթության իրավունքի մասին է, և ՀՀ կառավարությունը կողմ է նախագծին: Նախատեսվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների սովորողներն արդեն կստանան անվճար դասագրքերը: Նշենք, որ հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի քան 54 հազար է: | |
| |
Դիտումներ: 374 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |