«ԳիտՍԵՐունդ»-ին մասնակցում է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Առստամյանը

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» խորագրով ուսուցչական համաժողովը, որին մասնակցում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը:

Երկօրյա համաժողովը մեկ հարկի ներքո է միավորել Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 300 ուսուցչի, որոնք կդիտարկեն «ԳիտՍԵՐունդ»-ի ուսուցչական աշխատարանները, ծրագրի ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն «ԳիտՍԵՐունդ» թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու նստաշրջաններին, ինչպես նաև կմասնակցեն դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։ Համաժողովի ընթացքում մեկնարկ է տրվել նաև «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակում նախագծված` դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը «ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ բոլոր ծրագրերն իրականացվում են մի նպատակով, որպեսզի երեխաներն ապահովվեն այնպիսի կրթությամբ, որը նրանց թույլ կտա զարգանալ իբրև քաղաքացի և նպաստել մեր երկրի հզորացմանը:

««ԳիտՍԵՐունդ» ծրագրի ճամբարներին մասնակցած երեխաների արձագանքները տարբեր են, սակայն դրանք ունեն մի կարևորագույն կետ. բոլոր երեխաները նշել են, որ իրենք շատ ավելին են սովորել, քան սովորաբար, որ ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել այդ ուղղությամբ, և որ ուսումնառությունը եղել է հետաքրքիր: Կարծում եմ՝ սա է ծրագրի մեծագույն արդյունքը, որովհետև ակնհայտ է, թե ինչպես են ուսումնառության ակտիվ միջոցները երեխայի համար փոխում սովորելու միջավայրը: Սա նաև ինստիտուցիոնալ շարունակության հնարավորություն է, որովհետև «ԳիտՍերունդ»-ը հաջողությամբ ինտեգրվեց նաև հանրակրթության բովանդակային բարեփոխումների գործընթացին, և այսօր Տավուշում փորձարկվող չափորոշիչները կիրառության մեջ են դնում նաև ծրագրի նյութերը»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մեկնարկած հարթակի շնորհիվ բացվում է ինստիտուցիոնալ համագործակցության նոր հնարավորություն, քանի որ ստեղծվում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ձևավորել ուսումնառության իր նյութերը, օգտվել առկա նութերից և իր աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ ու հետաքրքիր: Նա հավաստիացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է ճանաչելու այդ արդյունքները առկա ինստիտուցիոնալ եղանակներով՝ ուսուցիչների խրախուսման տարբեր ձևերում դրանք հաշվի առնելով:

«Խորհրդանշական է համաժողովի անցկացումն այս օրերին, որը կարելի է անվանել գիտության մեկամսյակ: Փետրվարի 11-ին նշվեց Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրը: Նրանց թիվը բավականին աճել է ԳՏՃՄ ոլորտներում, և մեր երկիրն ունի լավ արդյունքներ այս ուղղությամբ, հետևաբար այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի: Մարտի 14-ին կնշենք Մաթեմատիկայի միջազգային օրը, որը նույնպես կարևոր միջոց է՝ խրախուսելու ուսումնառությունը ԳՏՃՄ ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետք է համատեղ ջանքերով իրացնել նաև Կրթության զարգացման պետական ծրագրում ամրագրված բավականին հավակնոտ թիրախները, մասնավորապես՝ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային հետազոտություններում ՀՀ աշակերտների՝ բարձր արդյունքներ գրանցելու տեսանկյունից: Իսկ դա, ըստ փոխնախարարի, հնարավոր է, եթե լինեն որակյալ ուսուցիչներ, լաբորատոր ենթակառուցվածքներ, պետության կողմից այս քաղաքականության շարունակական խրախուսում և լավ գործընկերություն համապատասխան կառույցների հետ: Նա փաստել է, որ մինչև 2026 թվականը Կառավարությունը պարտավորվել է բոլոր դպրոցներում ապահովել բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաներ, ինչպես նաև իրականացնել շարունակական քաղաքականություն ուսուցիչների մասնագիտական զարգացման և նրանց աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ, որը թույլ կտա մեծացնել ուսումնառության արդյունքների որակյալ ազդեցությունը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Կարին Մարկիդեսը:

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Հանրակրթության պետական չափորոշիչների և նոր առարկայական ծրագրերի իրագործում–փորձարկումը Տավուշի մարզում. ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է «ԳՏՃՄ կրթություն՝ Հայաստանի երիտասարդների համար» («ԳիտՍԵՐունդ») եռամյա ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանում ամերիկյան համալսարանի Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրն արդեն երրորդ տարին կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին՝ իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.03.2022)
Դիտումներ: 579 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar