2022 թվականին կրկին մեկնարկելու է դպրոցական բաժանորդային ծրագիրը: Ծրագրին միացած են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ ենթակայությամբ գործող 46 (այդ թվում՝ 22 մասնաճյուղերը) թանգարաններ, 21 թատրոններ և 14 համերգային կազմակերպություններ: «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար նախատեսվում է մեկ ուղեկցող ուսուցիչ): Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ: Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները: Տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է համապատասխան կազմակերպությանը՝ հետագա հաշվառման նպատակով: Այցելությունները պետք է ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ նախապես: Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր: Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ: Ծրագրում ընդգրկված մշակութային կազմակերպությունների ցանկը՝ այստեղ: Ծրագրում ընդգրկված մշակութային կազմակերպությունների հեռախոսահամարները՝ այստեղ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 1. Ծրագրի բովանդակությունը Ծրագրի իրականացման հիմքում ընկած է կրթության և մշակույթի ընկալումը՝ որպես մեկ ամբողջություն: Կրթությունը, մշակույթը և մշակութային դաստիարակությունը փոխկապակցված և զուգահեռ քայլող գործընթացներ են, ինչից ելնելով՝ անհրաժեշտ է ապահովել վերջինի սահուն սինթեզումը: Որպես ծրագրի բաղադրիչ ներդրվել է դպրոցական բաժանորդային համակարգը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է դպրոցական տարբեր տարիքային խմբերում սերմանել մշակութային հաստատություններ այցելելու մշակույթ: Այս փուլն իրականանում է տոմսային համակարգի միջոցով, որը հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն այցելել մշակութային երեք հաստատություն (թանգարան, թատրոն, համերգասրահ)՝ անվճար հիմունքներով: 2. Ծրագրի նպատակը Մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացում, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորում: 3. Ակնկալվող արդյունքը Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 440.000 աշակերտների, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն: | |
| |
Դիտումներ: 944 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |