Ապրիլի 18-ից Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Պրակտիկան կրում է ճանաչողական, պասիվ բնույթ: Ուսանողները մասնակցում են դասապրոցեսին, ծանոթանում դասերի ընթացքում ուսուցիչների կողմից կիրառվող մեթոդներին, ինչպես նաև ընդհանուր ուսումնական պրոցեսին: Պրակտիկայի մեծ մասն անց է կացնում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով ուսանողներին ծանոթացնում է ուսումնական պրոցեսի, դպրոցում կիրառվող փաստաթղթերի հետ, ներկայացնում հանրակրթության մեջ կիրառվող օրենքները, կարգերը: Ուսանողները նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ծանոթացել են հանրակրթական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, օրացուցային-թեմատիկ պլաններին, ուսումնական գծով փոխտնօրենի հետ մասնակցել են դասացուցակի հետ տարվող ընթացիկ աշխատանքներին:
Դպրոցի ներառական կրթության բաժնում ուսանողները ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքներին, կրթության ներառականությունն ապահովող փաստաթղթերին, հատուկ մանկավարժների և ուսուցչի օգնականների աշխատանքի բնույթին, շփվել վերջիններիս հետ: Շաբաթն ամփոփվել է ուսանողների կողմից գործնական աշխատանքի իրականացմամբ: Ուսումնական գծով փոխտնօրենն ուսանողներին ներկայացրել է դպրոցում կիրառվող օրվա դասի պլանի ձևանմուշը, միասին լրացրել են իրենց նախընտրած առարկայի և թեմայի համար նախատեսված մեկ օրվա դասի պլան: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ուսանողների կողմից դասերին պասիվ մասնակցություն, ինչպես նաև նրանց կներկայացվի դպրոցի մեթոդմիավորումներում, գործավարության մեջ իրականացվող աշխատանքները, դպրոցի աշխատակիցների աշխատանքային պլանների լրացման կարգը:
| |
| |
Դիտումներ: 597 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |