Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը

Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:

Հիշեցնենք, որ հայտագրումն իրականացվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։

Հայերեն ուսուցմամբ դասարանների համար անհրաժեշտ է անցնել hayt.emis.am, իսկ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար՝ haytru.emis.am հղումներով։

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:

Առաջին փուլ

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։

Երկրորդ փուլ

Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։

Երրորդ փուլ

Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական դպրոցում հիմք է նույն հաստատություն մյուս երեխաների ընդունելության համար՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Նախապես ստուգել երեխայի և ծնողի տվյալների ճշտությունը

Որպես հայտագրման նախապատրաստական կարևոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել stugum.emis.am համակարգ և հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Ստուգման գործընթացին կարող եք ծանոթանալ նաև պատկերային ուղեցույցի միջոցով:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.06.2022)
Դիտումներ: 428 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar