Օգոստոսի 31-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեսկզբի մանկավարժական խորհրդի նիստը՝ տնօրեն Դավիթ Կոստանդյանի ղեկավարությամբ: Նախքան նիստը սկսելը Դավիթ Կոստանդյանը ներկայացրեց 2022 թվականին վաստակած հանգստի անցնող մանկավարժներին՝ ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանին, «Անգլերեն», «Ինֆորմատիկա» և «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցչուհիներ Նինա Բաղդասարյանին, Ալվարդ Ալեքսանյանին ու Մարետա Քարամյանին, նրանց պարգևատրեց շնորհակալագրերով և նվերներով` շնորհակալություն հայտնելով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում երկարամյա արդյունավետ գործունեության համար:
Աիդա Անտոնյանը չթաքցրեց հուզմունքը հարազատ կոլեկտիվին հրաժեշտ տալիս և նշեց, որ իր կյանքի ամենապայծառ էջերը կապված են երրորդ դպրոցի հետ, աշխատանքն ու նվիրումը` նույնպես: «Իմ երկարամյա աշխատանքում առնչվել եմ յուրաքանչյուր աշխատակցի հետ, ինչն այսօր միայն բարի ու դրական հուշերի ակունք է»,-իր խոսքում նշեց Անտոնյանը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի անձնակազմը շնորհավորում է նրանց` վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում դպրոցում երկարամյա վաստակի համար:
Մանկավարժական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին մանկավարժական խորհրդի կազմի և քարտուղարի ընտրությանը, 2021-2022 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունքներին ու 2022-2023 ուսումնական տարվա խնդիրներին, դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական պլանի քննարկմանն ու հաստատմանը, 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասաբաշխմանը, թեմատիկ գրավոր աշխատանքների քանակությանը, առարկայական մասնախմբերի նախագահների, դասվար-դասղեկների, ուսումնական կաբինետների, լաբորատորիաների վարիչների, արտադասարանական խմբակների ղեկավարների հաստատմանը, դպրոցում աշխատանքային կանոնակարգի հաստատմանը, ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ իրականացվելիք աշխատանքներին:
| |
| |
Դիտումներ: 1031 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |