Նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստանում անցկացվում է Մեդիագրագիտության շաբաթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ այսօր ազդարարել է նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստանում #Դիմակայում ենք խորագրով Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի մասին:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դեռևս 2017 թվականին ստորագրված հուշագրով նախարարությունը միացել է նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ ինչպես սովորողներին, այնպես էլ բոլոր չափահաս քաղաքացիներին անհրաժեշտ է փոխանցել մեդիագրագիտության հետ կապված այնպիսի հմտություններ, որոնք նրանց թվային ռեսուրսներից արդյունավետ օգտվելու և խոցելի չլինելու հնարավորություն կտան: Նա արձանագրել է, որ այս ոլորտում ոչ բավարար հմտությունները բազմաթիվ խնդիրների պատճառ են դառնում:

«ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ հանրակրթության ոլորտում մենք պետք է բարելավենք մեդիագրագիտության մակարդակը. դրա կարևորությունն ընդգծված է թե՛ հանրակրթության, թե՛ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում: Սա վկայում է մեդիագրագիտությանը տրվող նշանակության և դերի, ինչպես նաև առկա գործիքներն ու ռեսուրսները զարգացնելու մեր պատրաստակամության մասին՝ այս առումով հասնելով որակական նոր մակարդակի»,- ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի խոսքով՝ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների թվային գրագիտության մակարդակի բարձրացումը լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ նախատեսում են կատարել լայնածավալ ուսումնասիրություններ՝ պարզելու, թե որքան ժամանակ են երեխաներն անցկացնում ինտերնետում, ինչ աղբյուրներից են օգտվում, ինչ գործիքներ են կիրառում և այլն:

Ասուլիսի ընթացքում ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է Մեդիագրագիտության շաբաթվա նպատակն ու ծրագիրը, Հայաստանի կրթական համակարգում մեդիագրագիտության ինտեգրման ընթացքը, հանրության տարբեր շերտերի, մասնավորապես՝ երեխաների համար մեդիա և ինֆորմացիոն գրագիտության կարևորությունը։ Հայաստանյան շաբաթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Լ. Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որն ամեն տարի՝ աշնանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.11.2021)
Դիտումներ: 562 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar