Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կհյուրընկալի «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի ներկայացուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ. իրականացնում է  «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: 

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: 

Ծրագրի աշնանային շրջափուլը մեկնարկել է սեպտեմբեր ամսին, որի ընթացքում դասախոսություն-հանդիպումներ են իրականացվել Երրանում, ինչպես նաև ՀՀ Կոտայքի, Լոռու, Շիրակի,  Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում:

2022թ. նոյեմբերի 2-ին և 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում տեղի կունենան դասախոսություն-հանդիպումներ հայտնի արվեստագետներ՝ գրող, գրականագետ Գրիգոր Շաշիկյանի (Գրիգ) և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի հետ: Հանդիպումներին կմասնակցեն մարզի 27 դպրոցի 509 աշակերտ։ 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում գրող, գրականագետ Գրիգոր Շաշիկյանի (Գրիգ) հետ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակներում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են 50 հանդիպումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 3500 դպրոցականներ 450 դպրոցներից՝ թե՛ Երևանից, թե՛ ՀՀ մարզերից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են  տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն են  ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխանին նվիրված հատված, որը նպաստում է  աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.10.2022)
Դիտումներ: 324 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar