Օգոստոսյան խորհրդակցություն՝ Գորիսում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցած Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցությունը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ով ներկայացրել է համավարակի կանոններին առնչվող պարզաբանումներ:

Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված անցյալ ուսումնական տարվա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար, այնուհետև ներկայացրեց բուհերի ընդունելության քննությունների Սյունիքի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Սյունիքը ամենաբարձր արդյունքն է գրանցել։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը: «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար»,-նշեց փոխնախարարը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր և շեշտվել, որ Սյունիքի մարզը ներառական կրթության արդյունավետությամբ Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.09.2021)
Դիտումներ: 609 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar