Նոյեմբերի 25-ին, «Իմփաքթ Հաբ Սյունիքում» տեղի ունեցավ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը (աշխարհագրական, քարտեզագրական և պատմական փոփոխությունները)» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը: Գիրքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական նյութ է, որի նպատակն է Հայաստանի սահմաններով հետաքրքրված հանրությանը և հատկապես դպրոցականներին պարզ ու դյուրըմբռնելի լեզվով ու քարտեզների պատկերներով ծանոթացնել Հայաստանի սահմանների պարբերաբար փոփոխություններին և դրանց հիմնական պատճառներին:
Բովանդակալից բանախոսությամբ հանդես եկավ Ռուբեն Գալչյանը՝ խոսելով գրքույկի մասին, որ գիտական աշխատանք չէ, այլ պարունակում է գիտահանրամատչելի պատմաաշխարհագրական տեղեկություններ ու հիմնականում քարտեզներ, որոնցում կարելի է տեսնել Հայաստանի գոյության և նրա սահմանների վերաբերյալ բոլորին հետաքրքրող հարցերից մի քանիսի պատասխանները: Ավելի քան քառասուն տարի զբաղված լինելով հատկապես մեր տարաշաշրջանի քարտեզներով՝ Գալչյանը տարբեր աղբյուրներից ու երկրներից հավաքել է բազմաթիվ քարտեզներ ու քարտեզագրական տեղեկություններ, որոնց մի մասը տեղ է գտել նրա հրատարակած ութ աշխատություններում: Դրանց թվում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական, աշխարհագրական ու մշակութային խնդիրներն ու մշակութային հակասությունները, որոնք նաև բացահայտում են հարևանների պատմական խեղաթյուրումներն ու զեղծարարությունները: Բանախոսը սահիկաշարով ներկայացրեց պատմական համառոտ տեղեկություններ՝ քարտեզներին կից տալով կարևոր բացատրություններ տվյալ քարտեզի հեղինակի ու ցուցադրած նյութի կամ դրանց հետ կապված խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Քարտեզները ներառում են Միջին Արևելքի և Կովկասի շրջաները, այսինքն՝ այն տարածքը, որի մեջ է նաև Հայաստանը՝ հնամենի ու ներկայիս երկիրը: Բանախոսության ավարտին հեղինակին ուղղվեցին հետաքրքիր հարցեր, եղան առանձին դիտարկումներ: Ներկաները շնորհակալություն հայտնեցին Գալչյանին՝ կատարած հայրենանվեր աշխատանքի, քարտեզագրական ու պատմաաշխարհագրական կարևոր աշխատությունների, այն աշխատատար ջանքերի համար, որ ներդրել է հայ քարտեզագրության ոլորտում՝ վեր հանելով արդի խնդիրներն ու քննարկելով դրանց լուծման հնարավոր ուղիները: Շնորհանդեսին ներկա էին Գորիսի մտավորական հանրույթի ներկայացուցիչները, մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Միրհավ» հյուրանոցի տնօրեն, գրքի տպագրության աջակից Շահեն Զեյթունցյանի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և Գորիսի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ:
| |
| |
Դիտումներ: 419 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |