Նոյեմբերի 28-ին Գորիսի Յու․Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի կոլեկտիվը հրաժեշտ տվեց սիրված, վաստակաշատ մանկավարժ, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Յոլյանին, ով ավարտեց իր մանկավարժական գործունեությունը: Դպրոցի կոլեկտիվը մեծարման երեկո էր կազմակերպել: Կրթօջախի դահլիճում հավաքվել էին գործընկերները՝ մի անգամ ևս արժևորելու նրա անցած ուղին, նաև վաստակած հանգստի ճանապարհելու:
«Տակավին 22 տարեկան էր, երբ 1984 թվականին ոտք դրեց Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց: Այնուհետեւ 1994 թվականին տեղափոխվեց Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որտեղ աշխատեց մինչև իր մանկավարժական գործունեության ավարտը: Զուգահեռ աշխատեց Գ. Սամսոնիչի անվան բժշկական ուսումնարանում, Կրթության ազգային ինստիտուտում: Մարինե Յոլյանը հոգու ջերմությունը փոխանցել է իր սաներին, իսկ գործընկերների հետ ունեցել ջերմ ու մարդկային հարաբերություններ: Նա իր մանկավարժական հմտությամբ կարողացել է թափանցել սաների ներաշխարհը, գտնել նրանց ունակությունները: Միշտ եղել է պարտաճանաչ, աշխատել է անմնացորդ նվիրումով», - այսպես ներկայացրեց երկարամյա մանկավարժին դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը: Բարեխիղճ աշխատանքի, մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Մարինե Յոլյանը պարգևատրվեց տնօրենի շնորհակալագրով: Միջոցառման ավարտին Մարինե Յոլյանը երախտագիտություն հայտնեց գնահատանքի խոսքերի և բարի ցանկությունների համար: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում Մարինե Յոլյանին` դպրոցում երկարամյա վաստակի համար: | |
| |
Դիտումներ: 1166 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |