ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողների ուսումնական պրակտիկան Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց

Ապրիլի 17-ից Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Պրակտիկան կրում էր ճանաչողական, պասիվ բնույթ, այն անց է կացրել դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով ուսանողներին ծանոթացրել է ուսումնական պրոցեսի, դպրոցում կիրառվող փաստաթղթերի հետ, ներկայացրել հանրակրթության մեջ կիրառվող օրենքները, կարգերը, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի փոփոխությունները, որոնք 2023-2024 ուսումնական տարվանից կկիրառվեն հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում:

    

Ուսանողները երկու շաբաթների ընթացքում ծանոթացել են հանրակրթական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, օրացուցային-թեմատիկ պլաններին, օրվա դասի պլաններին, մանկավարժական խորհրդի ու մեթոդական միավորումների աշխատանքի սկզբունքներին, դրանց արձանագրություններին, ուսումնական գծով փոխտնօրենի հետ մասնակցել են դասացուցակի հետ տարվող ընթացիկ աշխատանքներին:

Առանձին անդրադարձ է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթությանը, ներդրված մասնագիտություններին, ինչպես նաև մասնագիտական կրթական հաստատություններում կրթության որակի ապահովմանը:

Դպրոցի ներառական կրթության բաժնում ուսուցչի օգնական, բաժնի աշխատանքները համակարգող Արփինե Ծատրյանը, հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանն ուսանողներին ներկայացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքները, ուսանողներին ծանոթացրել են կրթության ներառականությունն ապահովող փաստաթղթերի, հատուկ մանկավարժների և ուսուցչի օգնականների աշխատանքի բնույթի հետ:

    

Դպրոցի գլխավոր օպերատոր Մերի Մկրտչյանն ուսանողներին ներկայացրել է դպրոցների կառավարման էլեկտրոնային համակարգը, էլեկտրոնային մատյանը:

Առաջին շաբաթն ամփոփվել է ուսանողների կողմից գործնական աշխատանքի իրականացմամբ: Ուսումնական գծով փոխտնօրենն ուսանողներին ներկայացրել է դպրոցում կիրառվող օրվա դասի պլանի ձևանմուշը, միասին լրացրել են իրենց նախընտրած առարկայի և թեմայի համար նախատեսված մեկ օրվա դասի պլան:

Երկրորդ շաբաթվա ավարտին ուսանողներն իրականացրել են խմբային աշխատանք. ըստ խմբերի կազմել են իրենց նախընտրած դասարանների դասացուցակները՝ հիմք ընդունելով 2022-2023 ուսումնական տարվա հաստատված ուսումնական պլանը:

Ուսանողներին ներկայացվել է նաև դպրոցի աշխատակիցների աշխատանքային պլանների լրացման կարգը, ինչպես նաև նրանց կողմից տարեվերջում ներկայացվող հաշվետվությունները:

Ավարտին ուսանողները լրացրել են ելքի քարտեր, որտեղ ներկայացրել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացրած պրակտիկայի վերբերյալ իրենց դիտարկումները:

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.04.2023)
Դիտումներ: 660 | Վարկանիշ: 3.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar