Ապրիլի 25-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկվել են «Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան տնօրենների, փոխտնօրենների ու ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում» դասընթացը։ 2021թ. փետրվարին Կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից, միավորային գնահատումը լրացնելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով առարկայակենտրոն ուսումնական պլանները՝ ի շահ ամբողջական և ինտեգրված ուսուցման։
Չափորոշչով սահմանվում է ԲՏՃՄ բնագավառով ուսուցման որակի էական ու շեշտակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը, լեզուների ուսուցման որակի հաստատման անհրաժեշտությունը, սահմանվում են մեդիագրագիտության, տարածաշրջանային լեզուների ուսուցման և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները։ Այս մոտեցումների հիման վրա՝ սահմանվել են առարկայական նոր ծրագրերն ու չափորոշիչները, որոնք իրականացվել են Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: 2021-2022 ուսումնական տարվա ավարտին փորձարկման արդյունքների հիման վրա լրամշակվել են ծրագրերը, որոնք ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է ներդրվեն 2023-2024 ուսումնական տարում: Դասընթացները վարում են դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, մենթոր-ուսուցիչներ՝ Ռիտա Շալունցն ու Ռուզաննա Խաչատրյանը։ Դասընթացներին մասնակցում են Գորիսի տարածաշրջանի 15 դպրոցների 310 տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ։
| |
| |
Դիտումներ: 647 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |