Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը, ինչպես նաև համընդհանուր ներառականության բարելավմանը: «Նոր գործիքակազմերը թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական գործընթացի կառավարման մեխանիզմները»,- նշել է Վահրամ Դումանյանը` հակիրճ ներկայացնելով հիմնական փոփոխությունները: Ուսուցչի մասնագիտական չափորոշիչ. նորույթ Նախագծի հիմնական նորույթներից մեկն ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացության սահմանումն է՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի նկարագիր: Մասնագիտական չափորոշիչների հաստատման լիազորությունը վերապահվել է կրթության կառավարման լիազոր մարմնին: Առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչների հետ։ Ըստ այդմ` ուսուցչի որակավորման տարակարգ հասկացության սահմանումը ևս խմբագրվում է: Կփոխվեն տարակարգերի շնորհման և ատեստավորման կարգերը Առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման կարգավորումը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար պարտադիր պետք է անցնել բոլոր նախորդ աստիճաններով: Այսինքն` այսօր տարակարգի առավել բարձր աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցիչը հնարավորություն չունի դիմելու միանգամից բարձր տարակարգի համար, ինչն էլ ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման տեսանկյունից խոչընդոտ է դիտվում։ Խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքի չպահպանվելը։ Առաջարկվող փոփոխություններն արվել են նշված սահմանափակումները վերացնելու և գործընթացը դյուրացնելու տրամաբանությամբ: Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել ուսուցչի տարակարգի իրավունքը դադարեցնելու բավարար հիմք։ Սահմանվել է դրույթ հիմնադրի միջոցների հաշվին ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ շնորհելու հնարավորության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ստացած բազմաթիվ դիմումները և առաջարկները։ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ամբողջական բարեփոխման համար առաջարկվում է վերանայել նաև ատեստավորման գործընթացը: Միատեսակ ատեստավորման փոխարեն՝ կներդրվեն հանրակրթության պետական չափորոշչից բխող վերապատրաստումներ: Հնարավորություն կտրվի կիրառելու ատեստավորման տարբեր համակարգեր, այդ թվում՝ գիտելիքի ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը: Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: Առաջարկվող մոդելով՝ վարչատնտեսական մասի կառավարիչը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնելով միայն ուսումնական գործընթացի պլանավորում։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվի վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա կզբաղվի միայն մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ` վարչատնտեսական կառավարչի հետ համագործակցելով պլանավորման և դասաբաշխման, տարիֆիկացիայի կազմման հարցերում: Դպրոցի կառավարման նմանօրինակ մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրթական հաստատություններում: Տնօրենը կնշանակվի և կատեստավորվի. նորույթ Մեկ այլ փոփոխությամբ` տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կկատարվի նշանակման միջոցով. այդ գործառույթն առաջարկվում է վերապահել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍ նախարարությանը` հստակեցնելով մի շարք դրույթներ: Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով: «Տնօրենի նշանակովի լինելը թույլ կտա լուծել արմատացած այն խնդիրը, երբ կոլեգիալ կառավարման մարմինը վերածվում էր ընդամենը տնօրեն ընտրող ոչ մասնագիտական մարմնի: Ընդ որում` կառավարման խորհուրդը կունենա տնօրենին անվստահություն հայտնելու իրավունք` հավասարակշռելով նշանակման սկզբունքը»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը: Բացի դրանից՝ գործող տնօրենների համար հավաստագրման փոխարեն՝ առաջարկվում է կիրառել ատեստավորում, որի հիմքում կդրվի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը։ Ատեստավորման արդյունքում՝ նրա հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով: Գործընթացը կարող է շարունակվել մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը: Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում ներառելով իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր: Ներառականության ընդլայնում Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ցանկում: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն: Ուսուցման դժվարություններ կարող են ունենալ նաև օժտված երեխաները, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, սոցիալապես անապահով են, հակամարտությունների հետևանքով դարձել են ծնողազուրկ, ունեն լեզվական և այլ խնդիրներ: Այլ փոփոխություններ Նախագծով արվել են փոփոխությունների մի շարք այլ առաջարկներ դպրոցներում հեղինակային և միջազգային նախագծերի իրականացման վերաբերյալ: Սահմանվել է Կառավարության լիազորող նորմ՝ այլընտրանքային կրթական ծրագրի հաստատման և փորձաքննության համար: Ակնկալվում է տեսանելի փոփոխություն Ամփոփելով և կարևորելով նախագիծը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրակրթության օրենքի փոփոխությամբ՝ ոլորտում տեսանելի փոփոխություններ կունենանք: «Ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա դպրոցի բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դռան, լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի և այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից։ Այսինքն՝ տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ, այն բոլոր հարցերով, որոնք կապված են բացառապես կրթության բովանդակության և որակի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի անդամները նիստի ընթացքում ծավալել են շահագրգիռ քննարկում ներկայացված նախագծի վերաբերյալ: Դիրքորոշում են հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Հավելենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի, հետևաբար այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի համապատասխան ռեժիմով: | |
| |
Դիտումներ: 420 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |