Հունիսի 28-ին և 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կոլեկտիվը ճանաչողական այցով Վայոց ձորի, Արարատի, Շիրակի մարզերում և Երևանում էր: Այցի ընթացքում դպրոցի աշխատակիցները Վայոց ձորում եղան Նորավանքում, Արարատում՝ Խոր Վիրապում: Շիրակի մարզում այցերն ավելի ընդգրկուն էին. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, «Սև բերդ» և «Մայր Հայաստան» հուշարձաններ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի «Վառեմ-մարեմի բալկոն»:
Գյումրիում հատկանշական են այցերը Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան և Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան: Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի արհեստավարժ ավագ էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, որը, ի դեպ, Շիրազի ավագ քույր Գոհարի թոռն է, ներկայացրեց տաղանդավոր բանաստեղծի կյանքն ու գործունեությունը։ Մեկը մյուսին հաջորդող հետաքրքիր պատմություններից ակնհայտորեն երևում էր՝ որքան մեծ սեր է վաստակել գրողը համայն հայության, հատկապես սփյուռքահայության կողմից։ Թանգարանի յուրաքանչյուր իր հիշեցնում էր մեծ մարդասերի կենդանի ներկայությունը։ Զրույցները համեմված էին Գյումրվա կոլորիտային յուրահատուկ հումորով։ Արցունքներից մինչև լիաթոք ծիծաղ. տիկին Նարինեին հաջողվեց ունկնդիրներին ապրեցնել շիրազյան հույզերով, համակել մարդասիրության, հայրենասիրության, մասիսաբաղձության վեհ զգացումներով։
Այցելուները տուն- թանգարանից հեռացան անմեկնելի տպավորություններով՝ իրենց հետ տանելով շիրազյան հումորը, շունչն ու ոգին, տիկին Նարինեի խոսքի համն ու հոտը։ Երևանում դպրոցի կոլեկտիվն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այցի կազմակերպմանն օժանդակելու համար Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում դպրոցի բարեկամներ Հրայր Յոլյանին ու Արման Լալաբեյանին: Այցելության բոլոր նկարները՝ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 593 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |