Օգոստոսյան խորհրդակցություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Օգոստոսի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի են ունեցել 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված քննարկումներ՝ Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ:

Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, նախարարության և մարզպետարանի այլ աշխատակիցներ, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչներ։

  

Խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է նախորդ տարվա միասնական քննությունների և բուհերի ընդունելության Սյունիքի մարզի վիճակագրությունը ու նշել, որ մարզի դիմորդների 80,9 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատությունները, որը մինչև այժմ այցելած մարզերի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվելիք նոր ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանը, որն այս տարի կգործի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, նոր դասագրքերին, դպրոցների կառավարման, ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանն ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, բնագիտական առարկաներ դասավանդողների լրավճարներին, նախակրթարաններին: Քննարկվել է Սյունիքում նոր կառուցվելիք դպրոցների շինարարության ընթացքում դասերը կկազմակերպման հարցը, անդրադարձ է եղել դպրոցներում պարտադիր դարձող հոգեբանի գործունեության անհրաժեշտությանը:

Խոհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի վերլուծությունները, այն իրավական ակտերը, որոնցով փոփոխություններ են կատարվում կրթության ոլորտում, ներառական կրթության հետ կապված ու ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող անելիքները։

ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Լիլիթ Մկրտչյանն իրազեկման հանդիպում է անցկացրել հանրակրթական դպրոցների տեղակալների հետ՝ ծանոթացնելով նոր չափորոշչի սկզբունքներին, առարկայական ծրագրերին, դասի պլանավորմանը, ուսումնական նախագծերի ու խմբակների, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը։ Հնչեցրած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

    

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.08.2023)
Դիտումներ: 821 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar