Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Հարգելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Հոգևոր մեծ ուժ ու եռանդ են պարունակում կյանքի այն տարիները, որ դուք նվիրում եք դպրոցին ու ձեր սաներին: Վեր կանգնելով բոլոր խնդիրներից` դուք անշեղորեն շարունակել ու շարունակում եք գիտելիք հաղորդելու, բարին, մարդկայինն ու հայրենանվերը սերմանելու ձեր առաքելությունը:

Վստահ եմ` դպրոցը մեր պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է, ու պետության վերաբերմունքն էլ դպրոցի հանդեպ համապատասխան պիտի լինի: Մենք, անշուշտ, արդեն ունենք տեսանելի արդյունքներ, բայցև դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:

Այսօրվա տոնն ամենապատեհ առիթն է մեծարանքի խոսքեր հղելու մեր ուսուցիչներին, խոնարհվելու նրանց վաստակի առջև: Համոզված եմ` դա այն նվազագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով:

Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն, երջանկություն անձնական կյանքում և անթաքույց երախտագիտություն` բոլոր սաների աչքերում:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.10.2023)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar