Հոկտեմբերի 2-ից Գորիսի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Կերպարվեստ» և «Պատմություն» մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Պրակտիկան կրում է ճանաչողական, պասիվ բնույթ: Այն անց է կացնում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով ուսանողներին ծանոթացնում է ուսումնական պրոցեսի, դպրոցում կիրառվող փաստաթղթերի հետ, ներկայացնում հանրակրթության մեջ կիրառվող օրենքները, կարգերը, դրանցում իրականացված փոփոխությունները։
Ուսանողները պրակտիկայի ընթացքում ծանոթանում են հանրակրթական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, օրացուցային-թեմատիկ պլաններին, ուսումնական գծով փոխտնօրենի հետ մասնակցում են դասացուցակի հետ տարվող ընթացիկ աշխատանքներին: Պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են նաև գործնական աշխատանքներ. նոր ՀՊՉ-ներին համապատասխան, հիմք ընդունելով ըստ կրթական աստիճանների հատկացվող ժամաքանակները և բնագավառների համար սահմանված տոկոսները, հաշվարկել են առարկաների ժամաքանակները, կազմել ուսումնական պլաններ: Դպրոցում կիրառվող օրվա դասի պլանի ձևանմուշի հիման վրա ուսանողները լրացրել են իրենց նախընտրած առարկայի և թեմայի համար նախատեսված մեկ դասաժամի օրվա դասի պլանը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում դպրոցի ներառական կրթության բաժնում ուսանողները կծանոթանան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքներին, կրթության ներառականությունն ապահովող փաստաթղթերին, հատուկ մանկավարժի, հոգեբանի և ուսուցչի օգնականների աշխատանքի բնույթին: Նախատեսվում է նաև իրականացնել ուսանողների կողմից դասերին պասիվ մասնակցություն, ինչպես նաև նրանց կներկայացվի դպրոցի մեթոդմիավորումներում, գործավարության մեջ իրականացվող աշխատանքները, դպրոցի աշխատակիցների աշխատանքային պլանների լրացման կարգը, «emis.am» համակարգը: Ուսանողներին, որպես ամփոփիչ աշխատանք, կհանձնարարվի կազմել դասացուցակ:
| |
| |
Դիտումներ: 426 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |