Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված ՈԱԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին: Համաժողովին՝ ՈԱԱԿ-ի հրավերով, որպես կրթության որակի և հավատարմագրման փորձագետ մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ինչպես նաև «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:
«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողովի ընթացքում քննարկման առարկա դարձավ, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև աջակցել գործատուների և մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությանը և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը: Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում, որոնց ընթացքում քննարկվեց, թե ինչպես մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են համապատասխանեցնել իրենց ուսումնական ծրագրերը արդյունաբերության զարգացող կարիքներին՝ ապահովելով հմուտ աշխատուժ և նպաստելով տնտեսության աճին։ Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՀԱՀ ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը:
| |
| |
Դիտումներ: 324 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |