Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանը, Սիրուշ Բաղդասարյանը, Անի Հայրապետյանը և 9-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտները դեկտեմբերի 5-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ Ազգային ժողով։
Դպրոցի ներկայացուցիչներին է միացել նաև հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այնուհետև հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Լուսինե Բադալյանի և Սիսակ Գաբրիելյանի հետ: Պատգամավորները, կարևորելով աշակերտների հետ հանդիպումը, ներկայացրել են օրենսդիր մարմնի աշխատանքը, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Աշակերտներին, մասնավորապես, անհանգստացրել են դպրոցի շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, ուսուցիչների աշխատավարձերի մասին հարցերը: Հետաքրքրվելով հատկապես կրթական ոլորտին վերաբերող նախաձեռնություններով՝ աշակերտներն առանձնացրել են դպրոցում ժամանակակակից սարքավորումներով գիտական լաբորատորիաներ, համակարգչային կենտրոններ, սպորտդահլիճ և նիստերի դահլիճ ունենալու իրենց ցանկությունը: Ի թիվս այլ հարցերի, աշակերտները բարձրաձայնել են «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Գորիս քաղաքում իրականացվող աշխատանքների ու քաղաքում թափառող շների մասին հարցերը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցերն ուղղել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան: Պատասխանները՝ տեսանյութերում:
Արմեն Խաչատրյանը խոսեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության, բանակի, զենքի և զինտեսակների արդիականացման մասին: Նշեց նաև, որ հանրապետության ռազմարդյունաբերության մեջ նույնպես զգալի տեղաշարժեր են կատարվել՝ շնորհիվ ՏՏ ոլորտի, շեշտելով, որ մենք արդեն ունենք, օրինակ, հայկական արտադրության շատ բարձր որակի անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր նշանակությամբ, որոնք ակնհայտորեն մրցունակ են միջազգային շուկաներում։ Աշակերտներն ու ուսուցիչները եղել են նաև ԱԺ թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, իսկ գրադարանում՝ հարուստ գրականությանը: Գրադարանում Անահիտ Բախշյանը ներկաներին պատմեց ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի մասին: Հյուրերի այցը խորհրդարան եզրափակվել է ավանդական լուսանկարով: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Արմեն Խաչատրյանին՝ դպրոցին մշտապես աջակցելու, բախշյանականների այցը ՀՀ ԱԺ կազմակերպելու համար:
| |
| |
Դիտումներ: 483 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |