Հարգելի՛ բախշյանականներ, սիրելի՛ աշակերտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր համատեղ կատարած աշխատանքը արդյունավետ էր և նպատակային բոլոր ուղղություններով: Մենք միասին կարողացանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած էին դպրոցի առջև` արդյունավետ իրականացնելով ուսումնադաստիարակչական գործունեությունը: Անցնող տարում միասին արձանագրած ձեռքբերումներին զուգահեռ շարունակեցինք աշխատանքները դպրոցի համար կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցից ուզում եմ առանձնացնել գործունեությունը որպես մենթոր դպրոց, ՀՊՉ-երի ներդնումը և հաջող իրագործումը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, իրականացված հիմնանորոգման աշխատանքները: Դպրոցի որդեգրած աշակերտակենտրոն գործունեության սկզբունքը շարունակվել է գերակա լինել անցնող տարում: Դպրոցի աշակերտները մասնակցել են համայնքային տարբեր միջոցառումների, նրանց հետ միասին կազմակերպվել են տարաբնույթ ճանաչողական, ուսուցողական այցելություններ: Աշակերտները մասնակցել են առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերին, զբաղեցրել մրցանակային տեղեր: Նրանք նաև մեծ մասնակցություն են ունեցել «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից կազմակերպվող «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2023»-ին և 4-8-րդ դասարանների 33 աշակերտ արժանացել է 38 դիպլոմների և գովասանագրերի: Դպրոցի «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆիզկուլտուրա», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչներ Մարգարիտա Պետրոսյանը, Սոնա Հարությունյանը, Լիլիթ Սարգսյանը, Թագուհի Գրիգորյանը, Աննա Աբգարյանն ու Ալլա Առստամյանը մասնակցել են ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նրանք ոչ միայն հաղթահարել են անցողիկ շեմը, այլև գրանցել են բարձր արդյունքներ։ Կարևոր եմ համարում նշել, որ դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը և դասվար Ռիտա Շալունցը վերապատրաստվել են ԿԶՆԱԿ-ում և համարվում են մենթոր ուսուցիչներ։ Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի կողմից հեղինակվել և միջազգային գիտական հանդեսներում լույս է տեսել երկու գիտական հոդված: Կրթության որակի շարունակական բարելավումը և բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետության բարձրացումը համարում եմ գերակա նպատակ, և այս նպատակին կլինեն միտված մեր կողմից իրականացվող բոլոր աշխատանքները: Լիահույս եմ, որ 2024-ին մենք կհասնենք մեր ակնկալած վերջնարդյունքներին, եթե շարունակենք աշխատել ակտիվ և նպատակային: Շնորհավորում եմ ՀՀ և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին ու գործընկերներին: Թող 2024 թվականը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, կրթության ոլորտում նորանոր ձեռքբերումներ, անձնական և համազգային իղձերի իրականացում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: | |
| |
Դիտումներ: 329 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |