«Առաջին հոգեբանական աջակցություն» թեմայով դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների համար

Դեկտեմբերի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվեց «Առաջին հոգեբանական աջակցություն» թեմայով դասընթաց, որը վարում էր դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, թե ինչ պետք է անի ուսուցիչը երեխայի ուսումնական գործընթացն առավել սահուն կերպով կազմակերպելու համար տրավմատիկ իրողությունից հետո և ինչպես հասկանալ, թե որ հակազդումների դեպքում է անհրաժեշտ դիմել հոգեբանի:

Դասընթացի նպատակն էր լուսաբանել, թե ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, ինչպես է այն ազդում մարդկանց վրա, ինչպես կարող ենք ճիշտ այն ցուցաբերել: Այս հարցում կարևորվել է ուսուցիչների դերակատարումը արտակարգ իրավիճակներում, շեշտադրում կատարվել հետևյալին.

  • դպրոցական գործունեության վերականգնումը հնարավորություն է ընձեռնում երեխաներին ավելի արագ հաղթահարել տրավմատիկ իրողության հետևանքները, մտնել առօրյա կենսագործունեության մեջ և առաջ շարժվել
  • հիշել, որ յուրաքանչյուր երեխա յուրովի է արձագանքում տարբեր իրավիճակներին։ Երեխաների արձագանքը կարող է շատ ցայտուն չլինել, բայց, միևնույն է, նրանք կարող են շատ խորը վերապրել իրենց հետ կատարվածը
  • չմոռանալ սեփական անձի մասին հոգ տանելու մասին։ Յուրաքանչյուր տրավմատիկ դեպքի հետ առնչություն կարող է արթնացնել բազում թաքնված և ճնշված հույզեր, որոնք ուսուցիչների և մանկավարժների համար երկրորդային տրավմայի աղբյուր են դառնում
  • հիշել, որ աշակերտների կրթական և ուսումնական նպատակներն ու իրենց առջև դրված խնդիրները կարող են բավականաչափ փոխված լինել։ Որոշ աշակերտներ կարող են լիարժեք անտարբերություն ցուցաբերել, չկենտրոնանալ, ցրված լինել, մյուսները կարող են գերակտիվ դառնալ:

Դասընթացն իրականացվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Հայաստանում հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների համար անվտանգ, ներառական և պաշտպանիչ միջավայրի ապահովում» ծրագրի շրջանակում «Սեյվ դը Չիլդրենի» ֆինանսական աջակցությամբ:

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2023)
Դիտումներ: 358 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar