2022-2023 թվականների ուս. տարվա ընդունելության քննություններին դարձյալ պահպանվել է անցած տարվա ընդունելության քննությունների սկզբունքը, երբ դիմորդը համալսարան ընդունվելու համար պետք է հանձնի երկու քննություն: Վերջին երկու տարիներին դիմորդները հիմնականում չեն հանձնել երեք քննություն. առաջինը պայմանավորված է եղել համավարակով. 2020-2021 թվականին կորոնավիրուսի պատճառով դիմորդները հանձնել են մեկ քննություն, 2021-2022 ուս. տարում հանձնել են երկու քննություն: Տվյալ պարագայում երկու քննությունը վերաբերում է այն մասնագիտություններին, որոնց համար դիմորդները մինչև համավարակը հանձնել են երեք քննություն: Ընդունելության քննություններից մեկը պարտադիր է, մյուս քննությունն էլ դիմորդն է ընտրելու: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց. «Հանվել են երկու աստղանիշ քննությունները, սակայն որոշ մասնագիտությունների դեպքում: Դրանք այն քննություններն էին, երբ դիմորդը չէր հաղթահարում միասնական քննության ժամանակ այդ առարկայի անհրաժեշտ միավորը և կտրվում էր տվյալ առարկայի քննությունից: Դպրոցից էր բերում միավորը, և դա գումարվում էր միասնական քննության միավորներին, ու դիմորդը մասնակցում էր մրցույթին: Նոր փոփոխությամբ դա հանվել է, պարտադիր քննություն է դարձել»: Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունը կարևորում են, քանի որ արժեզրկում էր բուհական համակարգը: Հաջորդը փոփոխությունը վերաբերում է առաջին սյունակում նշված մասնագիտական առարկային՝ տվյալ կրթական ծրագրի համար: «Կային կրթական ծրագրեր, երբ երկու առարկա էին քննության համար դրված, օրինակ՝ ֆակուլտետ կար և՛ մաթեմատիկա էր քննությանը, և՛ ֆիզիկա: Դա հանվել է, հիմա մեկ առարկա է առաջին սյունակում»,- ասաց Սարգսյանը: Մյուս փոփոխությունները, որ եղել են, վերաբերում են ստեղծագործական աշխատանքին և բանավոր քննություններին, այսինքն՝ ներբուհական քննություններին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բուհ ընդունվելիս դիմորդներն ստիպված չեն լինի հանձնել այս երկու քննությունները, դրանց փոխարինելու է ցանկացած օտար լեզու և հայոց լեզուն, որոնք լինելու են պարտադիր գրավոր: «Պարտադիր երկու միասնական քննություն դիմորդը պետք է հանձնի: Օրինակ՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզու բանավոր քննություն, հիմա բանավորները հանվել են, դիմորդները հանձնելու են միայն գրավոր այն օտար լեզվով, որով ցանկանում են քննություն հանձնել, ինչպես նաև հանձնելու են հայոց լեզուն գրավոր: Նույն տարբերակն է նաև ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում. եթե նախորդ տարիներին դիմորդները հանձնում էին մեկ բանավոր, մեկ ստեղծագործական և հայոց լեզու գրավոր քննություն, ապա հիմա հանձնելու են մեկ օտար լեզու և հայոց լեզու գրավոր քննություններ»,- հայտնեց Արմեն Սարգսյանը: Նշված փոփոխությունները հաստատվել են այս տարվա նոյեմբերի 25-ին: Աղբյուրը: http://armtimes.com | |
| |
Դիտումներ: 721 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |