Փետրվարի 29-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության «Գորիս» կենտրոնի 1-ին կարգի մասնագետ Անի Արշակյանը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների 140 աշակերտների և 5 ուսուցիչների հետ անց է կացրել ուսուցում՝ «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով։ Անի Արշակյանն աշակերտներին ներկայացրել է, թե ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք դրսում, ինչպես վարվել, եթե մնացել եք ավերակների տակ, ինչպես վարվել առաջին ցնցումից հետո։
«Երկրաշարժի ժամանակ, եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚ իսկ 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի եկեք. աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար աստիճաններն ու սանդղակավանդակներն են փլվում։ Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ: Հարկավոր է շենքից դուրս գալուց զգուշանալ ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚շնչելիս օգտագործել թաշկինակ‚ գլխաշոր կամ թեկուզ հագուստից պոկված կտոր։ Երկրաշարժի ժամանակ, երբ գտնվում եք փողոցում, պետք է հեռանալ շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից` դեպի անվտանգ տարածություն: Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար, դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում և միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ»,-իր խոսքում նշեց Անի Արշակյանը։
| |
| |
Դիտումներ: 318 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |