Մարտի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էր այցելել հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը: Դպրոցի կոլեկտիվը, տնօրեն Դավիթ Կոստանդյանի գլխավորությամբ շատ ջերմ ընդունեց տիկին Բախշյանին: Վերջինս շրջեց դպրոցում, ծանոթացավ իրականացված հսկայածավալ բարեկարգման աշխատանքներին:
Կոլեկտիվի հետ հանդիպումը մեկնարկեց դպրոցի նիստերի դահլիճում, որտեղ տիկին Բախշյանն առանձին-առանձին ծանոթացավ կոլեկտիվի անդամների հետ, լսեց նրանց խոսքը, իսկ ավարտին հատ-հատ գրկեց բոլոր ներկաներին, շեշտելով, որ շատ է սիրում գրկել, և գրկախառնությունը հասարակություններին հատուկ ֆիզիկական մտերմության ձև է: Տիկին Բախշյանը խոսեց մանկավարժության մասին, շեշտեց՝ մանկավարժությունն առաքելություն է, որը պետք է պատվով կատարել: Նրա կողմից կարևորվեց նաև ԿԱՊԿՈւ աշակերտների հետ իրականացվող աշխատանքները:
Այցը շարունակվեց ուսուցչանոցում, որտեղ մեկ գավաթ սուրճի շուրջ, ավելի մտերմիկ միջավայրում, Անահիտ Բախշյանը խոսեց դպրոցի անվանակոչության մասին, պատմեց Յուրի Բախշյանի հետ իրենց երիտասարդության պատմություններից, ամուսնու և իր նամակագրության մասին, անկեղծորեն պատմեց իրենց առաջին ծանոթության, խոսակցությունների մասին: Տիկին Բախշյանը խոսեց նաև Յուրի Բախշյանի՝ որպես պետական մտածողություն ունեցող քաղաքական գործչի, մարդու, մտավորականի կերպարի մասին: Այցի ընթացքում հուզմունքը չէր լքում Անահիը Բախշյանին, որը շեշտեց. «Որքան դրական լիցքեր եմ այսօր ստացել Յուրի Բախշյանի անվան դպրոցում, որտեղ հանդիպել եմ մանկավարժական կոլեկտիվի հետ ու գրկել հատ-հատ բոլորին։ Յուրան ապրում է...»:
| |
| |
Դիտումներ: 462 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |