Գործատուն իրավունք ստացավ աշխատանքից ազատելու չպատվաստված ու չթեստավորված աշխատողին

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում» ու «Հանրային ծառայության մասին» օրենքում կառավարության ռաջարկած փոփոխությունների նախագիծը։

Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 60, դեմ` 26 պատգամավոր:

Փոփոխված օրենքներով գործատուն իրավունք է ստանում Covid-19-ի դեմ պատվաստման վկայագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատախան չներկայացրած աշխատակցին ազատել աշխատանքից։

Գործատուն կարող է նախ արգելել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել այդ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը, իսկ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում` նրան ազատել աշխատանքից։

Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։

Ընդ որում, այդ բացակայությունները չեն կարող հաշվարկվել որպես արձակուրդ կամ աշխատանքային ստաժ։ Գործատուն պարտավոր է իր որոշման մասին 3 օր առաջ տեղյակ պահել աշխատողին։

Ի դեպ, առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։

Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և համայնքի ավագանու անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները, անկախ պետական մարմնի անդամները, ինքնավար մարմնի անդամները, Վիճակագրության պետական խորհրդի անդամները, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորները, գլխավոր դատախազը։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.12.2021)
Դիտումներ: 396 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar