ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հուլիսի 4-ին հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում: Ուսուցիչների թվում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը։ Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, վերապատրաստման, գնահատման և կառավարման միջազգային ծրագրեր իրականացնող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։ Արդեն իսկ հեռավար ձևաչափով մեկնարկած դասընթացի արդյունքում ընտրված 30 մասնագետները (16՝ մարզերից, 14՝ Երևանից) հուլիսի 14-27-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում կշարունակեն իրենց վերապատրաստումը BELC ծրագրով: Ծրագրին ուսուցիչների հաջող և արդյունավետ մասնակցությունը, նախարարի տեղակալի գնահատմամբ, կարևոր է նաև մյուս մասնագետների հետագա վերապատրաստումները կազմակերպելու տեսանկյունից: Մասնավորապես՝ այս տարվանից ուսուցիչների հերթական ատեստավորումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա. օտար լեզուների պարագայում այն վերաբերելու է ոչ թե լեզվի իմացությանը, այլ լեզվի դասավանդման մեթոդաբանությանը։ Մասնակիցներին հաջող վերապատրաստում է մաղթել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ ուսուցիչներին հորդորելով առավելագույնը քաղել վերապատրաստումների գործընթացից, որը կնպաստի անձնային աճի զարգացմանն ու կօգնի տեղայնացնել ֆրանսիական փորձը՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնական գործընթացը: Նշենք՝ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ, մեկնարկել է այս տարվա ապրիլից: Նախագծի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողներ: Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը:
| |
| |
Դիտումներ: 327 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |