Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների, տեղակալների, մեթոդմիավորումների նախագահների, մեթոդիստների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Մերի Գանդալյանը, նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Այս տարի օգոստոսյան խորհրդակցություններին զուգահեռ առաջին անգամ կազմակերպվել էր նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։ Էքսպոյի ընթացքում ներկայացվել էին 28 դպրոցների նախագծային աշխատանքներ:
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից խորհրդակցությանը մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը: Դպրոցը էքսպոյին ներկայացել է 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում իրականացված 17 նախագծային աշխատանքներով: Ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանը, Մարգարիտա Պետրոսյանն ու Ռիտա Շալունցը էքսպոյի հյուրերին ներկայացրել են իրականացված նախագծային աշխատանքները:
Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարության մասին։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նախարարության՝ 2024թ. «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած տնօրեններին, տեղակալներին և ուսուցիչներին նախարարի անունից շնորհակալագրեր հանձնեց: Շնորհակալագրով պարգևատրվեց նաև դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որը մրցույթին մասնակցել էր որպես տնօրենի ուսումնական գծով տեղակալ:
Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց էքսպոյի կազմակերպման համար, շեշտեց «Անկեղծորեն նշեմ՝ 7-րդ մարզն է, որ շրջում ենք, այսպիսի էքսպո դեռ չէր եղել․ մենք միշտ ենք Սյունիք գալիս մեծ ակնկալիքներով ու երևի թե նաև Սյունիքն է պարտավորված զգում, որովհետև գիտեք, որ շատ բան ենք սպասում ձեզանից։ Շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր, ուսուցողական ու բազմազան էր»։ Խորհրդակցության ընթացքում ներկաներին նախ ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ շնորհավորելով անցած ուստարվա ձեռքբերումների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի դրվատանքին արժանանալու համար։ Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց կրթօջախների ղեկավարներին ու կոլեկտիվներին՝ կատարած մեծ աշխատանքի համար, որն անցած տարի վերաբերել է ոչ միայն ուսումնական գործընթացին, այլև 2023-ի սպտեմբերին ստեղծված արտակարգ իրավիճակին մարզի դիմակայելուն և դժվարին աշխատանքների արժանապատվորեն կազմակերպմանը։
| |
| |
Դիտումներ: 390 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |