Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի 4–րդ տարելիցը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը չորս տարի է ուղեկցում է դպրոցի ղեկավար կազմին, աշխատակիցներին ու աշակերտներին: 44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից` կամավորական կենաց ու մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը: Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակների կիրառմամբ, քաղաքացիական անձանց թիրախավորելով։ Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել կրակի դադարեցման մասին, որից հետո Արցախում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը տվեց 3830 զոհ, այդ թվում՝ 3752-ը զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի։ Ադրբեջանական կողմը հայտարարել է 2900-ից ավելի զոհի և 6 անհայտ կորածի մասին։
| |
| |
Դիտումներ: 303 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |