ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Նրանց թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ և հավաքել հաղթողների մեջ առավելագույն 91․44 միավոր։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, որտեղ մեկնարկել է նաև «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, հանրակրթության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Համաժողովը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մշակվել է ԿԳՄՍ նախարարության հետ և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է նպաստելու կրթական համակարգի մրցունակությանը: Պարգևատրման արարողությունից հետո մեկնարկել է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը, որի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը։
| |
| |
Դիտումներ: 311 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |