Դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ տարեվերջյան առցանց խորհրդակցություն են անցկացրել։ Կարո Ավանեսյանը ներկայացրել է մարզում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» ճանաչված դպրոցների տնօրեններին, շնորհավորել նրանց։ Մերի Գանդալյանը ներկայացրել է նույն մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված սյունեցի ուսուցիչներին։ Լավագույն դպրոցներին ու ուսուցիչներին ընտրելիս՝ որպես չափանիշ հիմք են ընդունվում (դպրոցի աշակերտական ու մանկավարժական համակազմի հետ տոկոսային հարաբերությամբ) մեդալակիրների թիվը, կարմիր վկայականներով շրջանավարտների թիվը, գովասանագիր ստացած աշակերտների, տարակարգ ստացած ուսուցիչների, կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվը, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտների թիվը։ Մարզպետի տեղակալը նշեց, որ կան ավելի մեծ դպրոցներ՝ ավելի շատ աշակերտներով եւ ուսուցիչներով, բայց նրանց ցուցանիշներն ավելի ցածր են, իսկ Ագարակի ու Գորայքի միջնակարգ դպրոցները երկրորդ տարին անընդմեջ են լավագույնը ճանաչվում (այս տարի լավագույնների եռյակում նաեւ Վերիշենի միջնակարգ դպրոցն է) ու մյուսներին էլ հորդորեց աշխատել այս ուղղությամբ։ Մ․ Գանդալյանը խոսեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստված ուսուցիչների տվյալները մուտքագրելու մասին՝ կարեւորելով ժամկետների պահպանումը։ Օրակարգում էին նաեւ հունվարին պետական ավարտական քննությունների, դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի հետ կապված կազմակերպական ու կրթական ոլորտին առնչվող ընթացիկ այլ հարցեր։ Աղբյուրը: http://syunik.mtad.am/ | |
| |
Դիտումներ: 796 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |