- Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը։ - Օրս սկսվում է վաղ առավոտյան։ Ամեն առավոտ շտապում եմ դպրոց, հավուր պատշաճի կարգի բերում բուժկետը՝ ստուգելով առաջին անհրաժեշտության պարագաները, դեղորայքը և այլ առարկաներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ողջ օրվա ընթացքում։ - Ինչո՞ւ որոշեցիք բուժքույր դառնալ և ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգևորում մասնագիտության մեջ: - Բուժքույր դառնալը մանկական երազանք էր, որն ի կատար դարձրի արդեն դեռահասության շրջանում։ Մանկուց երազել եմ բուժել, օգնել և առողջություն պարգևել մարդկանց։ Երազանքների հետևից գնալը պարտադիր է, և ցանկություններն իրականություն դարձնելը երջանկություն է ծնում։ - Երկար տարիներ աշխատում եք Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում որպես բուժքույր, բայց նաև աշխատել եք բժշկական հաստատությունում։ Ո՞րն է Ձեզ համար սիրելի կամ նախընտրելի։ - Տասներեք տարի աշխատել եմ վիրաբուժական բաժանմունքում։ Որից հետո, կարևորելով ընտանիքիս անդամների պահանջմունքները, տեղափոխվել եմ դպրոց, որտեղ աշխատում եմ արդեն քսանմեկ տարի։ Երեխաների հետ աշխատելը անչափ հաճելի է, նույնիսկ հետաքրքիր։ Սակայն երբեմն կարոտում եմ հիվանդանոցի քաղցր թոհուբոհը։ - Ինչպիսի՞ն է Գյուլնարա Տոռոզյանը տանը։ - Տանը ես հոգատար ու հասկացող եմ, փորձում եմ ապահովել ընտանիքիս անդամների հանգիստը ու աջակցել նրանց տարբեր իրավիճակներում: Մշտապես կենտրոնանում եմ ընտանիքիս առողջության վրա, հետևելով նրանց կարիքներին, օգնում և հոգատարություն ցուցաբերում։ - Ի՞նչ կարծիք ունեք առողջ ապրելակերպի մասին, երեխաների առողջության պահպանման մասին։ - Առողջ ապրելակերպը, հատկապես երեխաների համար, շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ դա պետք է լինի նրանց կյանքի մասը՝ սկսած փոքր տարիքից։ Առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն և հոգեկան առողջություն՝ այս երեքը միասին կարող են ապահովել համապարփակ առողջություն։ - Համատեղ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների հետ առողջության պահպանման համար: - Դպրոցի տնօրինության հետ համատեղ, տարվա մեջ մի քանի անգամ, երեխաներին սովորեցնում ենք առաջին օգնության կարևորագույն նախադրյալները։ Թե ինչքանով է կարևոր տուժածին առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպես այն կատարել, և արտակարգ իրավիճակներում ինչպես չկորցնել զգոնությունը և արագ կողմնորոշվել։ - Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հարաբերությունները դպրոցի աշխատակազմի հետ, ի՞նչ տարբերություններ կան մանկավարժների ու բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքում։ - Դպրոցը իմ երկրորդ տունն է, դպրոցի աշխատակազմը՝ երկրորդ ընտանիքիս անդամները։ Յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունը, ուսուցիչը կրթում է, բուժքույրը՝ բուժում։ Սիրում եմ իմ աշխատանքը, մեծ հոգատարություն եմ տածում ուսուցչական կոլեկտիվի նկատմամբ, հարկ եղած դեպքում օգնում և մշտապես օգնություն ստանում։ - Ո՞վ է այն մարդը, որին ձգտում եք նմանվել։ Կա՞ որևէ մեկը, որը մոտիվացնում է Ձեզ։ - Ես կարծում եմ, որ մարդը յուրօրինակ է, Աստծո կողմից ստեղծված իդեալական կերպար։ Երբեք չեմ փորձել նմանվել որևէ մեկին, միշտ ձգտել եմ լինել ինքնատիպ՝ իմ թերություններով և առավելություններով հանդերձ։ - Ի՞նչ է Ձեզ համար խոհանոցը։ Ճաշ պատրաստելիս նախընտրում եք հետևել ավանդական բաղադրատոմսերի՞ն, թե՞ ստեղծագործում եք և ստեղծում նորը: - Խոհանոցն իմ ամենօրյա «լաբորատորիան» է, որտեղ ես փորձում եմ նոր ու առողջ բաղադրատոմսեր, ստեղծում եմ տարբեր համադրություններ, փորձում ապահովել ընտանիքիս առողջությունը։ Ավանդական ճաշատեսակներից էլ երբեք չեմ հրաժարվում, դրանք երկարակեցության «էլիքսիր» են համարվում։ - Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքն ու ընկերությունը։ - Ընտանիքը հարստություն է, հուսալի և ամուր ապաստան։ Մեր ընտանիքում մշտապես տիրում է փոխադարձ սերը, հոգատարությունն ու միմյանց նկատմամբ հարգանքը։ Ընկերությունը նույնպես իմ կյանքում մեծ տեղ ունի։ Իսկական ընկերությունը անգնահատելի վաստակ է։ Եվ ինչպես ասում են, ընկերներին ընտրում ենք մենք, մաղում է ժամանակը։ Ես իրապես երջանիկ մարդ եմ, շրջապատված թանկ ու հարազատ մարդկանցով։ Գնահատենք ունեցածը, արժևորենք Մերը… | |
| |
Դիտումներ: 233 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |