Սեպտեմբերի 16-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ՝ Աննա Աբգարյանի հետ այցելեցին հայ գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերո Խանզադյանի տուն-թանգարան: Այցը հաջորդել էր «Մայրենի» առարկայի շրջանակում Սերո Խանզադյանի կյանքի ու ստեղծագործությունների մասին թեմայով դասին: Տուն-թանգարանում աշակերտները ծանոթացան գրողի կյանքի որոշ դրվագներին, ստեղծագործություններին, կենցաղին: Աշակերտներն առանձնակի հետաքրքրությամբ էին ուսումնասիրում գրողի անձնական իրերը, որոնք ներկայացրեց տուն-թանգարանի վարիչ Մարթա Զաքարյանը: Սերո Խանզադյան ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): 1941 թվականի հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից մինչև վերջը գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել կապիտանի աստիճանի։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտական շարք։ Մարտերով հասել է Գերմանիա, մասնակցել Քյոնիգսբերգի գրավման ահեղ կռիվներին։ 1972 թվականից գրական խորհրդական է եղել Հայաստանի խորհրդային գրողների միությունում։ Մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ | |
| |
Դիտումներ: 304 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |