Մարտի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտները, «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Կարինե Արզումանյանի և 7-րդ «Ա» դասարանի դասղեկ Աննա Աբգարյանի ուղեկցությամբ այցելեցին «Բրդից մինչև կարպետ» արհեստանոց:
«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Նունե Աղաթելյանը պատկերավոր ներկայացրեց տարբեր տեսակի թելերի, գորգերի, կարպետների անցած ճանապարհը՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրեր, դրանց հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև գորգագործության, կարպետագործության մեջ և՛ նախկինում, և՛ այժմ կիրառվող ավանդական տեխնոլոգիաները։ Նա ներկայացրեց նաև հին հավաքածուները` որպես արժեքավոր ժառանգություն, և դեռևս նոր գորգերի և կարպետների ստեղծման ընթացքն ու տեխնոլոգիան։ Վարպետ Արմինե Ամարյանի և կենտրոնի գործող կանանց օգնությամբ աշակերտներն իրենց անմիջական մասնակցությունն ունեցան գործելու ընթացքին։ Երեխաները նաև ներկայացրին «Տեխնոլոգիա» առարկայի դասերի ընթացքում իրենց կողմից գործված աշխատանքները։ Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել գորգագործությանը, կարպետագործությանը` որպես ազգային մշակույթի ինքնատիպ տեղ զբաղեցնող արհեստի և արվեստի, խթանել գորգագործության նկատմամբ աշակերտների հետաքրքրասիրությունը` հետագայում ստեղծագործական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում: Այցի ավարտին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն օգտվեցին «Բրդից մինչև կարպետ» արհեստանոցի աշխատակիցների կողմից պատրաստված հյուրասիրությունից, ինչպես նաև այցելեցին կենտրոնի հարևանությամբ գտնվող 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
| |
| |
Դիտումներ: 523 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |