| Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտները, «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի և դասղեկ Մարինե Բաբայանի ուղեկցությամբ այցելեցին վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներից մեկը՝ Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Ուսուցչուհիներն աշակերտներին ներկայացրին եկեղեցու պատմությունը, նշեցին, որ Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է: Նրա երկարությունը 27,3մ է: Սրահի երկարությունը ներսից 23,65 մ է, լայնությունը՝ որմնախորշերից 5,65մ, իսկ հենապատերից 3,45 մ: Եկեղեցին ամբողջությամբ պահպանված է և իր տեսքով հիշեցնում է Նոյան տապանը: Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշեր են: Արևելքում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավային և արևմտյան: Եկեղեցու հարավարևմտյան ճակատային պատի վրա պահպանվում է քիչ վնասված արևի ժամացույցը: Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հայկական պատմամշակութային արժեքներին, եկեղեցու յուրօրինակ ճարտարապետությանը և կառուցվածքին: Աշակերտները առանձնակի հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեցին եկեղեցու բակում պահպանված արժեքավոր խաչքարերն ու տապանաքարերը: Այցելությունը կազմակերպվել էր «Մշակութային կրթության տարվա» շրջանակում, նպատակ ունենալով ընդլայնել մշակույթի դերը կրթության գործընթացում։ 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 395 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
  
 
   
  
 
   
  