Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներն այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»

Նոյեմբերի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանի և զինղեկ Արտուր Հովսեփյանի ուղեկցությամբ, այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»։ Այցը կազմակերպվել էր Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում՝ նպատակ ունենալով սովորողներին ներկայացնել կրթության, կարիերայի և ինքնազարգացման նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում բանախոսներ Ռաիսա Աղաբեկյանը, Գայանե Օհանյանը, Աննա Ալեքսանյանը և Քրիստինե Հովհաննիսյանը՝ որպես ԱՄՆ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի շրջանավարտներ, աշակերտներին ներկայացրել են իրենց փորձը Միացյալ Նահանգներում ուսանելու, ապրելու և ծրագրերում ներգրավվելու վերաբերյալ։ Նրանք կարևորել են կամավորության դերը, միջազգային ծրագրերին մասնակցելու նշանակությունը և այն դրական հնարավորությունները, որոնք բացվում են երիտասարդների առաջ։

Քննարկվել են նաև նորարարական մտածողության ձևավորումը, քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցությունը և արդի հասարակության մարտահրավերներին պատրաստ լինելու կարևորությունը։ Բանախոսները հատուկ ընդգծել են հավասարության սկզբունքը՝ թե՛ հասարակական կյանքի, թե՛ աշխատանքային հարաբերությունների մեջ՝ խրախուսելով աշակերտներին ձևավորել պատասխանատու և ներգրավված քաղաքացիների արժեքներ։

Այցը կարևոր փորձառություն էր սովորողների համար, հնարավորություն՝ մոտիկից ծանոթանալու նորագույն գիտելիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին և միջազգային կրթական ծրագրերին։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ի աշխատակազմին՝ արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչպես նաև աշակերտների համար ապահոված ջերմ ու ոգեշնչող ընդունելության համար։ Ձեր աջակցությունը կարևոր ներդրում է սովորողների կրթական հորիզոնն ընդլայնելու և նրանց մասնագիտական կողմնորոշման գործընթացը հարստացնելու գործում։

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2025)
Դիտումներ: 107 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar