Ապրիլի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության բաժնի պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանի նախաձեռնությամբ 7-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր դաս-իրազեկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ «Ճանաչենք Սյունիքի հուշարձանները. Հին Գորիս գյուղատեղի» թեմայով։ Դասի սկզբում ցուցադրվեց տեսանյութ, այնուհետև աշակերտները ներկայացրին Հին Գորիս գյուղատեղիի քարաժայռի վրա բարձր դիրք գրավող «Ձագեձոր» ամրոցի, ժայռի ստորոտին գտնվող 1776 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, ձիթհանի, պահպանված բրուտանոցի և Գորիս քաղաքի հիմնադրման մասին ինֆորմացիա:
Թերթելով մեր հարուստ մշակութային ժառանգության էջերը՝ Ռուզաննա Խաչատրյանը պատատնիների ուշադրությունը սևեռել էր հուշարձանների պահպանության ազգանվեր գործին՝ նշելով դրա առանձնակի կարևորությունը ազգային գիտակցության դաստիարակության գործում: Ներկայացնելով մեր պատմամշակութային ժառանգությունը և, մասնավորապես, մարզի հուշարձանները` Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ սերունդները պետք է լավ ճանաչեն ու պահպանեն մեր մշակույթը, քանի որ դա է մեր անձնագիրը, մեր պատմության խոսուն վկան: Հարուստ է գորիսեցու պատմական անցյալը, մեծ է նրա տաղանդը։ Նրա արարիչ ձեռքի շնորհիվ այսօր այստեղ գրավոր հուշարձանները խոսում են հազարամյակների խորքից, քարեղեն լեզվով պատմում նրա անցյալի, կենցաղի ու մշակույթի մասին։ Վերջին տասնամյակներին, Գորիսի վերակառուցումների ընթացքում լուծելով քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, աչքաթող են արվել նրանում պատմամշակութային ֆունկցիայի զարգացման պոտենցիալ հնարավորությունները: Դաս-իրազեկմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, 7-րդ «Բ» դասարանի դասղեկ Սիրուշ Բաղդասարյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտները, ուսուցիչներ:
| |
| |
Դիտումներ: 484 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |