Նոյեմբերի 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Եռանկյուններ, եռանկյունների հավասարության հայտանիշները» թեմայով բաց դաս՝ 7-րդ «Բ» դասարանում: «Երկրաչափություն» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը դասարանը բաժանել էր 5 խմբի և այդ խմբերից յուրաքանչյուրին տրվել էին անուններ. Շեղանկյուն, Քառակուսի, Սեղան, Զուգահեռագիծ, Ուղղանկյուն (քառանկյան տեսակներ)։
Ուսուցչի կողմից խմբերից յուրաքանչյուրին հանձնարարվել էր ներմուծել եռանկյան տարրերի, միջնագծերի, կիսորդների, բարձրությունների և ուղղահայացի հասկացությունները, եռանկյունների հավասարության 3 հայտանիշները։ Խմբերն այդ աշխատանքները ներկայացրին պաստառի և գրատախտակի վրա, օգտագործելով գունավոր կավիճներ, իսկ եռանկյան կոշտությունը ներկայացվեց ինքնաշեն փայտիկներով։ Խմբերը նաև պատասխանեցին բլից հարցերի, ինչպես նաև ուսուցչուհու կողմից կիրառվեց «Շարունակիր միտքը» հնարը, ներկայացվեց իրավիճակներ՝ առօրյա կյանքից և ստեղծվեց միջառարկայական կապ «Քիմիա» առարկայի հետ։ Դասի ավարտին աշակերտները խնդիրներ լուծեցին: Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը:
| |
| |
Դիտումներ: 483 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |