«Գրական էսքիզներ» խորագրով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում անցկացված գրականության բաց դասը բնույթով առանձնահատուկ էր. «Գրական էսքիզներ» հաղորդաշարի հյուրերն այս անգամ սիրված գրական հերոսներն էին՝ Գևորգը՝ Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքից, Լևոնը՝ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքից, Ես-ը և Անտոնիոն՝ Նար-Դոսի «Ես և Նա» պատմվածքից: 

Ներկա էին լրագրողներ՝ նույն դասարանի աշակերտներ, որոնք «Գրական դիմանկար», «Վեց գլխարկներ» մեթոդների համակցումով, ինչպես նաև դերախաղով բնագրային համատեքստում ներկայացրին, վերլուծեցին կերպարները: Գլխավոր հերոսներին կերպավորող տղաներից յուրաքանչյուրը հանդես եկավ որպես անհատականություն՝ շնորհիվ բնական արտիստիկ խաղի, մտքի շարադրանքի, խոսքի հստակ և գրագետ շարադրանքի:

  

Խմբերը գնահատվեցին ձևավորված հանձնաժողովի կողմից՝ նախապես մշակված գնահատման սանդղակի համաձայն:

Ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, իր խոսքում բարձրաձայնելով յուրաքանչյուր խմբի առավելություններն ու թերությունները, նշեց, որ գրականությունը իր սաների համար վերածվել է կենսակերպի: «Գրականությունը անհնար է չսիրել, քանի որ այն կյանքն է և կյանքի դասեր քաղում ես առաջին հերթին գրականության դասերից: Շնորհակալություն եմ հայտնում ութերորդցիներին՝ գեղագիտական բարձր զգացողություններ փոխանցելու և հայ դասականների լավագույն գործերին հաղորդակից դարձնելու համար»,-իր խոսքում նշեց Սոնա Հարությունյանը:

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ, ովքեր ավարտին արտահայտեցին իրենց տպավորությունները՝ դրվատանքի խոսքեր հնչեցնելով սովորողների պատրաստակամության վերաբերյալ:

  

    

  

    

  

    

  
 

 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.12.2022)
Դիտումներ: 346 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar